Նենեցյան ինքնավար շրջանի Նարյան Մար քաղաքում դանակով զինված տղամարդը ներխուժել է «Հեքիաթ» մանկապարտեզ եւ սպանել երեխաներից մեկին, հայտնում է տեղի «Nao24» կայքը՝ հղում անելով սեփական թղթակցին։
Քաղաքապետարանի կայքում նույնպես այս մասին տեղեկատվություն կա։ «Քաղաքապետարանը ցավակցություններ է հայտնում երեխայի հարազատներին եւ մտերիմներին»,- ասվում է կայքում։
Ռուսաստանի Արխանգելսկի մարզի եւ Նենեցյան ինքնավար շրջանի ՔԿ վարչությունը РБК-ի հետ զրույցում հաստատել է, որ տղամարդը հանգստի ժամին դանակի մահացու հարվածներ է հասցրել վեցամյա տղային։ Հանցագործին կալանավորել են, նա 36-ամյա տեղացի բնակիչ է, որը հարբած է եղել։ Այժմ նա հրաժարվում է ցուցմունք տալ, սպանված երեխան նրա հետ ազգակցական կապ չունի։
Հարուցվել է քրեական գործ «Մանկահասակի սպանություն» հոդվածով։ Բացի այդ, ՔԿ-ն «Անփութություն» եւ «Սպառողների կյանքի եւ առողջության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածներով քրեական գործ է հարուցել նաեւ մանկապարտեզի աշխատակիցների եւ մասնավոր պահակային հաստատության դեմ, որոնք չեն ապահովել երեխաների անվտանգությունը նախադպրոցական հաստատությունում։
Հետաքննության տվյալներով, 1983թ․ ծնված տղամարդը ներխուժել է մանկապարտեզի շենք, բարձրացել երկրորդ հարկ, որտեղ սպանել է քնած երեխային։



























