Հայաստանում 2020-ին նախատեսվում է էապես ավելացնել դպրոցական ինժեներային լաբորատորիաների ֆինանսավորումը։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ 2019 թվականին այդ նպատակների համար նախատեսվել էր  352 մլն դրամ, իսկ 2020-ին՝ 672 մլն։

«Պետությունը ֆինանսավորում է այդ խմբակների հրահանգիչների աշխատավարձերը։ Եթե այս տարի պետական ֆինանսավորում ստացել է 420-ից մի փոքր ավելի լաբորատորիա, ապա 2020 թվականին ծրագիրը կտարածվի 700 եւ ավելի լաբորատորիաների վրա»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ դպրոցական լաբորատորիաների սարքավորումները գնում են Հայաստանում աշխատող ՏՏ ընկերությունները։

Հիշեցնենք, որ 2020 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է նախարարությանը հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ՝ 2019-ի 158 մլրդ 886 մլն դրամի դիմաց։