Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ «Առաջին փուլ» միջանկյալ առեւտրային համաձայնագրի կնքման նոր վայրը առաջիկայում կհայտարարվի։

Չիլիի նախագահը նախօրեին հայտարարել էր Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի Սանտյագոյում անցկացումը չեղարկելու մասին՝ կապված համազգային բողոքի ցույցերի հետ, որոնք սկսվել են հասարակական տրանսպորտով երթեւեկությունը թանկացնելու հետեւանքով։ Թրամփը եւ ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինը պետք է հանդիպեին գագաթաժողովում, որպեսզի քննարկեին եւ ստորագրեին միջանկյալ համաձայնագիրը։

Թրամփը Twitter-ում ընդգծել է, որ «Առաջին փուլն» իրենից ներկայացնում է երկարաժամկետ համաձայնագրի մեծ մասը։ Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Bloomberg News-ը հայտնել էր, որ Չինաստանը կասկածներ ունի՝ կապված համընդգրկուն առեւտրային գործարքի կնքման հետ՝ Թրամփի «անկանխատեսելի բնավորության» պատճառով։