Դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկան լուրջ վերանայման կարիք ունի: Այս մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ իր ղեկավարած նախարարությունում ցանկանում են, որպեսզի տվյալ առարկան դասավանդվի ոչ թե դպրոցական դասարանների սահմանափակ տարածքում, այլ իրական զորանոցների եւ դաշտային ճամբարների պայմաններում:
«Այժմ մենք ուսումնասիրում ենք այն ենթակառուցվածքը, որը կա Հայաստանում, ինչպես նաեւ մի շարք դպրոցների, մասնավորապես, «Քվանտ» վարժարանի փորձը, որը երկշաբաթյա դասընթաց է անցկացնում իր ճամբարի տարածքում, եւ, ըստ էության, երեխաներն այնտեղ ամբողջությամբ անցնում են դասընթացը: Դա եւ՛ գործնական, եւ՛ տեսական մասն է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դրա համար լուրջ ֆինանսական ազդեցություն է պահանջվում:


























