Արտաշատ քաղաքում գտնվող մարզադաշտը կարող է միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցվել՝ թեթեւ ատլետիկայի մրցումների անցկացման համար։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքերով, հոկտեմբերի 2-ին Արտաշատում ինքը ծանոթացել է տեղի մարզադաշտի վիճակին եւ դրա վերակառուցման ծրագրի իրականացման վերաբերյալ խորհրդակցություն անցկացրել քաղաքապետի հետ։ Ինչպես նշեց նախարարը, միջազգային դոնորները աջակցել են Հայաստանում ժամանակակից, միջազգային մակարդակի թեթեւ ատլետիկայի մարզադաշտ ստեղծելու նախաձեռնությանը, եւ պատրաստ են խոշոր ներդրումներ կատարել։ Նախարարն ընդգծեց, որ Արտաշատի մարզդաշտը հարմար է նաեւ Երեւանին մոտ լինելու առումով, ինչը ոչ միայն չի դժվարացնի այնտեղ այցելելը, այլեւ նոր խթան կհանդիսանա հայկական մայրաքաղաքում եւ Արարատի մարզում թեթեւ ատլետիկայի զարգացման համար։
Իր հերթին, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Արմեն Եղիազարյանը հայտնեց, որ թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայից ստացված տեղեկատվության համաձայն, ներդրումային նախագիծը կարող է 1 մլրդ դոլար արժենալ։ «Հայաստանում չկան թեթեւ ատլետիկայի միջազգային չափանիշներով մարզադաշտեր։ Համարյա բոլոր մարզադաշտերը հարմարեցված են բացառապես ֆուտբոլի համար, սակայն միջազգային դոնորները պատրաստ են ներդրումներ կատարել սպորտի ատլետիկ տեսակների վազքուղիների եւ դաշտերի սարքավորումների մեջ»։





























