ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումների վերաբերյալ երկու բողոքներն էլ մերժվել են դատարանների կողմից, սակայն փաստաբանները որոշումները դեռ չեն ստացել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրանց պաշտպան Վահե Եփրիկյանը։
«Պատրաստվում ենք գրավի նոր միջնորդություններ ներկայացնել տղաների վերաբերյալ՝ հույս ունենալով, որ առաջին ատյանի դատարանում գոնե մի փոքր իրավական մասնագիտական արժանիք ունեցող դատավորների վարույթում կհայտնվեն այդ գործերը, որ պաշտպանյալներս ժամ առաջ հայտնվեն ազատության մեջ»,- նշեց նա:
Եփրիկյանի պնդեց, որ քննիչը կալանավորման վերաբերյալ իրավականորեն մերկ և դատարկ միջնորդություն է ներկայացրել․ «Իրավական հանրույթում հայտնի անձանց կողմից նրանք որակվել են որպես քաղբանտարկյալներ, որովհետև նույնաբովանդակ այլ իրավիճակներում որևէ քրեաիրավական գործընթաց չի նախաձեռնվել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, իրավական որևէ պրոցես տեղի չի ունեցել, մինչդեռ ե՛ւ Նարեկ Մութաֆյանի, ե՛ւ Սարգիս Օհանջանյանի նկատմամբ ունենք հարուցված շինծու քրեական գործ։ Նրանք կալանավորվել են այն հիմքով, որ քննիչը ներկայացրել է իրավականորեն մերկ և դատարկ միջնորդություն կալանավորման վերաբերյալ՝ բաղկացած երեք թերթից։ Ակնհայտ է, որ այդ միջնորդությունը հիմնավոր պատճառաբանված համարելու համար պետք է գտնվենք խելագարության կանխավարկածի մեջ։ Միայն միջնորդությունը ինքնին անհարգալից վերաբերմունք է դատարանի հանդեպ»:
Անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությանը, որ Նարեկ Մութաֆյանն է հարձակվել իր վրա, փաստաբանը նշեց, որ Մութաֆյանն այդ հարձակման հետ կապ չունի։ Անդրադառնալով այն հայտարարությանը, թե Մութաֆյանը միջազգային թմրաբիզնեսի գործով դատապարտվել է, բայց պատասխանատվություն չի կրել, Եփրիկյանը հավաստիացրեց, որ Մութաֆյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ գոյություն չունի և պնդեց, որ խախտվել է Մութաֆյանի ամեղության կախավարկածը, ուստի անմիջապես ասուլիսից հետո ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնելու է հաղորդում հանցագործության մասին և ակնկալում է, որ դատախազությունը Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ քրեական գործ կհարուցի:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու և անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրվող Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են։




























