Երեքշաբթի երեկոյան դրամահավաքի մասնավոր միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ իր կինը՝ Մելանյան, չի լացի, եթե իրեն գնդակահարեն, հայտնում է Politico-ն։

Միջոցառման շրջանակներում ճաշի ժամանակ Թրամփը երկար ելույթ է ունեցել, որով խայթել է ինչպես որոշ հանրապետականների, այնպես էլ սեփական կնոջը։ Նա հիշել է 2017թ․ Վիրջինիայում ամերիկյան օրենսդիրների մասնակցությամբ բեյսբոլի խաղի ժամանակ հրաձգությունը, որի հետեւանքով վիրավորվել էր կոնգրեսական Սթիվ Սքալիզը, եւ նշել է, որ Սքալիզը, պարզվեց, շատ ուժեղ է, թեեւ հրազենից վիրավորվելը նիհարելու լավագույն միջոցը չէ։ Այնուհետեւ Թրամփն ասել է, թե Սքալիզի կինը «անդադար լալիս էր, երբ ես այդ ճակատագրական օրը հանդիպեցի նրան հիվանդանոցում․․․ Ես նկատի ունեմ, որ շատ կանայք չեն այդպես արձագանքի ողբերգությանը։ Ես գիտեմ, որ իմն այդպես չի արձագանքի»։