Ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննությունը ձեւակերպող բանաձեւ է ընդունել։ «Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ բանաձեւին կողմ է քվեարկել 232 պատգամավոր, դեմ՝ 196։
Բանաձեւը նախատեսում է հանրային լսումների անցկացում եւ փակ նիստերի ձայնագրությունների հրապարակում, ինչպես նաեւ որոշում է, թե գործընթացի հետագա փուլերում ինչ իրավունքներ ունեն հանրապետականները եւ ինքը՝ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հանրապետականները դեմոկրատներին մեղադրում են նախագահի իրավունքները սահմանափակելու մեջ եւ վրդովմունք են հայտնում փակ հետաքննություն անցկացնելու կապակցությամբ։
Սահմանադրությունը Ներկայացուցիչների պալատին լայն իրավասություններ է տալիս՝ իմփիչմենթի կանոններ հաստատելու առումով, եւ դեմոկրատները պնդում են, որ պահպանում են գործող օրենքները։Նրանք խոստացել են հետաքննության շրջանակներում մի շարք բաց լսումներ անցկացնել։




























