Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են այն բանից հետո, երբ օդանավակայանի անվտանգության ծառայությունները հզոր պայթուցիկ նյութ հեկսոգենով պայուսակ են գտել, ուրբաթ հայտնել է India Today-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի ուժային կառույցներում աղբյուրներին:

Ըստ տեղեկությունների՝ կասկածելի ուղեբեռը գտել է ուղեւորներից մեկը վաղ առավոտյան միջազգային սպասասրահի ելքի մոտ: Գտածոյի մասին օդանավակայանի պահպանությանը տեղեկացնելուց հետո, սպասասրահի շենքի բոլոր մուտքերն ու ելքերն արգելափակվել են, ինչը ներսում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:

Ստուգման ժամանակ փակվել են նաեւ օդանավակայանի մուտքերը: Շուտով դեպքի վայր են ժամանել ականազերծողներն ու կինոլոգները, որոնք առաջնային ստուգման արդյունքներով պարզել են, որ պայուսակում պայթուցիկ կա: Պայուսակը տեղափոխել են լաբորատորիա, ակնկալվում է, որ դրա պարունակության ավելի մանրամասն անալիզը կկատարվի մեկ օրվա ընթացքում:

Ուժայիններն առայժմ չեն կարողացել տեսահսկման խցիկների տեսագրություններով պարզել վտանգավոր բեռի տիրոջը: Միաժամանակ, տեղի ունեցածից հետո Դելիի օդանավակայանում անվտանգության եւ վերահսկողության միջոցառումները զգալիորեն ուժեղացվել են՝ կապված ահաբեկչության հնարավոր սպառնալիքի հետ: