Մենք խնդիր չենք դրել նպաստառու ընտանիքների թիվը կրճատելու, խնդիր ենք դրել դժվարին իրավիճակում գտնվողն անձանց ուղղված աջակցությունը հասցեական դարձնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ այսօր ՀՀ-ում կա շուրջ 100 հազար նպաստառու:
«Ամենեւին չի նշանակում, որ այդ 100 հազար մարդիկ, որոնք այս պահին ստանում են սոցիալական կամ ընտանեկան նպաստ, հենց այն մարդիկ են, որոնք ամենաշատը դրա կարիքն ունեն: Բնականաբար, պետության ռեսուրսները սահմանափակ են եւ մենք պետք է հասցեական դարձնենք այդ գումարները: Այս տարվա առաջին կիսամյակում շուրջ 2,7 մլրդ դրամի տնտեսում ենք ունեցել նպաստների տողից: Սա կարող է նշանակել, որ կռուպցիոն տռիսկերը նվազել են, հասցեականությունը բարձրացել է»,-ասաց նա:




























