Գազի եւ էլեկտրաէներգիայի միասնական շուկան պետք է գործառներ 2021 թվականին ԵԱՏՄ երկրներում, իսկ այժմ այդ որոշումը հետաձգվել է մինչեւ 2024-2025 թվականները: Այդ մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Նա նաեւ հետաքրքրվել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանից, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվում գազի նոր գնի հարցի լուծման համար, որը շատ կարեւոր է հայկական կողմի համար: Ընդ որում՝ նա նշել է, որ սահմանին գազի գինը բարձրացվել էր, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ըստ էության, հանձն էր առել թանկացման հետեւանքով առաջացած ծախսերը՝ չնայած այդ ժամանակ արդեն աշխատում էր վնասով:

Փոխնախարարը պատասխանել է, որ գազի միասնական գնի մասին որոշումը նույնպես գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում եւ հիշատակվում է ԵԱՏՄ բոլոր նիստերի ժամանակ:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի համար գազի գնի մասին որոշմանը, Սիմոնյանն ասել է, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ չի մասնակցում այդ բանակցային գործընթացքում: