Բրազիլիայի իշխանությունները կարծում են, որ հունական նավը մասնակից է եղել երկրում նավթի առեղծվածային արտահոսքին, գրում է Bloomberg-ը:

Երկրի ոստիկանության եւ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ այժմ ընթանում է առեւտրային նավի մասին տեղեկությունների որոնումը, որը կարող էր լինել նավթի արտահոսքի պատճառը:

Խոսքը հուլիսի 15-ին Վենեսուելայում կառանված նավի մասին է, որը մնացել է երկրի ափերի մոտ 3 օր, ապա ուղեւորվել Սինգապուր Ատլանտյան օվկիանոսով:

Նավի անվանումը չի նշվում: Հայտնի չէ նաեւ նավի տիրոջ անունը:

Նավթը հայտնվել է Բրազիլիայի հյուսիսարեւելյան ափերի մոտ սեպտեմբերի սկզբին:

Հետաքննության տվյալներով՝ նավթի արտահոսքը տեղի է ունեցել հուլիսի 28-29-ին, երբ բրազիլական ափից 700 կմ-ի վրա միջազգային ջրերը հատել է միայն հենց այդ նավը:

Նավթի արտահոսքը վախեցրել է ձկնորսներին: Այն աղտոտել է հայտնի լողափեր եւ հանգեցրել կրիաների սատկելու դեպքերի:

Այդ երեւույթի արդյունքում, ինչպես նաեւ Ամազոնիայում անտառային հրդեհների շուրջ աղմուկից հետո Բրազիլիան կրկին հայտնվել է էկոլոգիական աղետի կենտրոնում, գրում է պարբերականը: