Թաիլանդի ոստիկանությունը փնտրում է երիտասարդ խաբեբային, որը մոտ 3000 հաճախորդից 861 մլն թաիլանդական բատի (գրեթե 28.3 մլն դոլար) չափով գումար է շորթել, գրում է The Guardian-ը:

28-ամյա Վանտանի Տիպպավետը ոսկու խանութ է բացել, որի շնորհիվ էլ խաբեությամբ իր հաճախորդներից գումար է շորթել:

Նրան մեղադրանք է առաջադրվել խարդախություն եւ ֆինանսական այլ հանցանքներ կատարելու համար: Նման մեղադրանքներ են առաջադրվել նաեւ նրա 20-ամյա սիրեցյալին՝ Մեթի Չինպային: 

Նշվում է, որ հանցագործն իր զոհերին ներդրումների դիմաց ներդրումներից ստացված 97 տոկոսի չափով եկամուտ է առաջարկել: Ներդրումները սկսվել են 1000 բատից: Դրա դիմաց հանցագործը խոստացել է այդ գումարները ներդնել կոսմետիկայի արտադրության բիզնեսում:

Ոստիկանությունը նրա խանութում խուզարկում է անցկացրել:

Նշվում է, որ Տիպպավետի զոհերից շատերն այդ խարդախ սխեմայում ներդրել են իրենց ողջ կարողությունը, եւ արդյունքում ինքնասպան եղել: