Ամերիկյան Ինդիանա նահանգում Միչիգան Սիթիի քաղաքապետ Ռոն Միրի եւ ոստիկանական վարչության միջեւ բանավեճը հանգեցրել է բազմաթիվ մեղադրանքների, որոնք առաջ են քաշվել քաղաքապետի դեմ, հայտնում է Fox News-ը։

Միրին ներկայացվել են հինգ ահաբեկելու եւ երկու ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու ու կարգազանցության մեղադրանքներ։

Քաղաքապետի եւ ոստիկանության միջեւ վեճը վերաբերել է թմրանյութերի օգտագործման մեղադրանքով Միրի որդեգրյալին վերջերս ձերբակալելուն։

Քաղաքապետը պնդել է, որ իր որդեգրյալի հետապնդումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել։

Դրանից անմիջապես հետո հրաժարական էր տվել ոստիկանության պետ Մարկ Սվիսթեկը եւ նրա երկու օգնականները։ Սվիսթեկը պնդում էր, որ քաղաքապետն իրեն փորձել է ստիպել թմրանյութերի դեմ պայքարի խմբից հեռացնել որոշ սպաների։

Ոստիկանական վարչության նոր ղեկավարի անունը հայտարարվել էր երեքշաբթի օրը։

Միրին մեղադրանքներ ներկայացնելուց հետո գործը քննող դատավորն ինքնաբացարկ է հայտարարել, քանի որ նրա կինն աշխատում է քաղաքապետարանում։

Այս պատմությունը ցնցել է Միչիգան Սիթին քաղաքպետի ընտրությունների նախօրեին։

Նշվում է, որ քաղաքն ունի 31 000 բնակիչ։ Այն գտնվում է Միչիգան լճի հարավային ափին, Միչիգան եւ Ինդիանա նահանգների սահմանին։