Սալվադորի կառավարությունը որոշում է ընդունել երկրից Վենեսուելայի դիվանագիտական կորպուսի անդամներին վտարելու մասին, նշված է Սալվադորի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սալվադորի կառավարությունը (Վենեսուելայի նախագահ) Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դիվանագիտական կորպուսին վտարում է երկրի նախագահ Նայիբ Բուկելեի բազմաթիվ հայտարարությունների համաձայն, որոնցում նա կոչ է արել չճանաչել Մադուրոյի կառավարության լեգիտիմությունը»,- նշված է նախագահի Twitter-յան էջում:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ այս որոշումն ընդունվել է Վենեսուելայում մարդու իրավունքների պարբերական խախտումների մասին ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցի հանդեպ Սալվադորի դիրքորոշմանը համապատասխան:

«Սալվադորի կառավարությունը Մադուրոյի ռեժիմի ամբողջ դիվանագիտական կորպուսին 48 ժամ է տրամադրել երկրի տարածքը լքելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հունվարի 21-ին Վենեսուելայում գործող նախագահ Մադուրոյի դեմ բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Անկարգությունների սկսվելուց հետո ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար: Արեւմուտքի մի շարք երկրներ՝ ԱՄՆ գլխավորությամբ, հայտարարել էին Գուայդոյին ճանաչելու մասին: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ Մադուրոյին աջակցել էին որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահի: