ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներից երեքը մայիսին նրան հանդիպել են Օվալաձեւ աշխատասենյակում՝ նրան համոզելու վճռականությամբ լի, որ ուկրաինացի նոր առաջնորդը դաշնակից է, որն արժանի է Միացյալ Նահանգների աջակցությանը, հայտնում է Washington Post-ը:

Նրանք ոչ մի բան ասել չեն հասցրել, քանի որ Թրամփն ընդհատել է նրանց, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով հանդիպման մասին տեղյակ նախկին պաշտոնական աղբյուրներին:

Թրամփի կարծիքով՝ Ուկրաինայի ամբողջ ղեկավարությունը դեմոկրատների հետ գաղտնի համաձայնության էր եկել 2016 թվականին իր նախագահական քարոզարշավը տապալելու նպատակով:

Էնեգետիկայի նախարար Ռիկ Փերրին հավաստիացրել է, որ Ուկրաինայի նոր նախագահը միանգամայն ուրիշ է եւ իր երդմնակալության ժամանակ անգամ մեջբերել է Ռոնալդ Ռեյգանի խոսքը, սակայն Թրամփն իր կարծիքը չի փոխել:

«Նրանք սարսափելի, կոռումպացված մարդիկ են»,- իբր հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Պարբերականը նշում է, որ այսօրվա դրությամբ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու ընթացակարգի շրջանակում Ներկայացուցիչների պալատի անդամների առջեւ ցուցմունքներ են տվել մոտ 10 վկաներ: Այդ ցուցմունքների թեմաներից մեկը «Ուկրաինայի հանդեպ Թրամփի անխախտելի ատելությունն է» Սպիտակ տանը գտնվելու իր առաջին օրերից սկսած:

«Մենք այդպես էլ չկարողացանք նրան կարգին հասկանալ: Մեղադրանքներ էին հնչում, որ նրանք ինչ-որ կերպ աշխատել են Քլինթոնի քարոզարշավի հետ: Մեղադրանքներ էին հնչում, որ նրանք փորձել են իրեն վնաս հասցնել: Նա պարզապես Ուկրաինան ատում էր»,- պարբերականին ասել է աղբյուրը:

Սպիտակ տունը պարբերականի հարցերին դեռ չի պատասխանել: