Երևանի կենդանաբանական այգու տարածքում այս գիշեր իրականացված աշխատանքների արդյունքում հեռահար թմրեցման սարքի միջոցով թմրեցվել և բռնվել է ևս երկու թափառող կենդանի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, NEWS.am-ին ասաց Կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը:
«Գիշերը 23:00-ին վագրերի ազատավանդակի մոտից 1 շուն են բռնել, մյուսին էլ՝ մուֆլոների եւ բեզոարյան այծերի ազատավանդակի ցանկացապատի մոտից»,- ասաց նա։
Ազնիվ Գրգորյանը նշեց, որ այգու պահպանություն ուժեղացվել է, լրացուցիչ ուժեր են ներգրավվել եւ ամբողջ գիշեր այգին հսկվում է:
Կենդանաբանական այգին նաև հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ կենդանիներից մեկը եղել է ստերջացված՝ ականջին դեղին տարբերանշանով։Հայտնաբերված թափառող կենդանիները ոչ մի պարագայում չեն վնասվել իրականացված գործողությունների ընթացքում, խնամքով և հոգատարությամբ փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ։
Հիշեցնենք, որ 3 օր առաջ Երեւանի կենդանաբանական այգում շների ոհմակը հոշոտել էր այգու 3 կենգուրուներին, իսկ մեկ օրա անց առավոտյան աշխատակիցները հայտնաբերել էին 3 անկած մուֆլոնների։
Անձնակազմի կարծիքով՝ շների հարձակումից պաշտպանվելու լավագույն միջոցը այգու շուրջ պատնեշ կառուցելն է, որի հարցը դեռ չի լուծվում։
Նշենք, որ 2 օր առաջ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է հրաժարական տալ։ Կարճ ժամանակ անց տնօրենը հրաժարականի դիմում էր գրել։



























