2020 թվականին սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական ապաստարանների կառուցումը շարունակվելու է, վերջերս եւս մեկը բացվեց Բերդի տարածաշրջանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:՝ հավելելով, որ հիմնականում դրանք դեռեւս միայն Տավուշի մարզում են, բայց ապագայում կլինի նաեւ Վայոց Ձորի մարզում:

«Մենք ապաստարանների խնդիրը լուծելու խնդիր ունենք ողջ հանրապետությունում: Հիմա դրանով զբաղվում ենք, հաշվառումն ունենք, թե ինչ կա, մնում է տեսնենք, թե ինչը կարող ենք աշխատեցնել»,-ասաց նախարարը:

Հարցին, թե համակարգում 30 տոկոս աշխատավարձերի բարձրացումից հետո մարդկանցով համալրում եղե՞լ է, Ցոլակյանը պատասխանեց. «Պրոցեսը գնում է համալրման: Մեկը գնում է կենսաթոշակի, մյուսը գալիս է: Ես իմ գալուց շեշտադրում արեցի, որ պետք է աշխատանքի ընդունենք մեր ակադեմիայի շրջանավարտներին: Իմ օրոք 54 հոգի ընդունել ենք աշխատանքի այդ շրջանավարտներից: Դրանից զատ մի ստվար մաս հրաժարվել են գալ շարքային աշխատելու այն ժամանակ, որովհետեւ, մենք ասել ենք՝ հիմա չկա սպայական տեղ, եթե կաշխատեք, հետագայում կստանաք կոչում: Շատերը հրաժարվել են: Պրոցեսն անընդհատ է, դուրս են գալիս, համալրվում են: Աշխատավարձով պայմանավորված, հիմա իհարկե, մի քիչ շատ է ցանկությունը, որ գան»:

Նա նաեւ հավելեց, որ ԱԻՆ համակարգում մինչ այս փոփոխությունը, գրեթե աշխատավարձի բարձրացում չէր եղել: