Երեւանում կայացել է Հայաստանում շինշիլաբուծության զարգացմանը նվիրված երկօրյա սեմինար-դասընթաց, որը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամի եւ «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ: Դասընթացը վարել է ՌԴ Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վիտալի Մազուրովը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, շինշիլաբուծությամբ զբաղվող սկսնակ եւ արդեն իսկ կայացած ֆերմերներ, այլ հյուրեր:
Սեմինարի ընթացքում համառոտ ներկայացվել են շինշիլաների բուծման եւ խնամքի առանձնահատկությունները, հիմնական հիվանդությունների կանխարգելման եւ բուժման եղանակները, շինշիլաբուծության հիմնախնդիրները, Հայաստանում ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները:
Դասընթացի կազմակերպիչները նշել են, որ շինշիլաբուծությունը Հայաստանում արդեն իսկ իր ուրույն տեղն է գրավել գյուղատնտեսության ոլորտում: Ոլորտի կայուն զարգացման պարագայում այն կարող է դառնալ Հայաստանի տնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը:
Ռուսաստանից ժամանած փորձագետ Վիտալի Մազուրովն ընդգծել է, որ շինշիլաբուծության վերաբերյալ համացանցում առկա են շատ հակասական տեղեկություններ, եւ նման դասընթացների կազմակերպման հիմնական նպատակն է այդ ոլորտի վերաբերյալ շահագրգիռ անձանց տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Վերանյանը համառոտ անդրադարձել է պետության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանը եւ տեղեկացրել, որ շինշիլաբուծության ոլորտում ներգրավված տնտեսվարողներն արդյունավետ գործունեություն ծավալելու եւ իրենց տնտեսություններն ընդլայնելու համար կարող են օգտվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման եւ Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական օժանդակության ծրագրերից:
Միջոցառման կազմակերպիչները նաեւ նշել են, որ Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցությունը եւ «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերությունը համատեղ ուժերով քայլեր են ձեռնարկում մորթու վերամշակման ոլորտը զարգացնելու ուղղությամբ, եւ այդ իսկ նպատակով Արագածոտնի մարզում հաջողությամբ ներդրվել է շինշիլայի եւ այլ կենդանիների մորթիների վերամշակման տարածաշրջանում եզակի արտադրական հոսքագիծ:
«Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության ներկայացուցչները գոհունակությամբ նշել են, որ կազմակերպության արտադրած մորթիները սերտիֆիկացված են, համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության եւ ԵՄ անվտանգության ու որակի չափանիշներին եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է մորթիների առաջին խմբաքանակն արտահանել միջազգային շուկա։



























