Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր նպատակին հասնենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կալանավորված Գրիշա Հակոբյանի եղբայրը` Գեղամ Հակոբյանն, ով համագյուղացիների հետ այսօր բողոքի ակցիա էր անցկացնում Արարատի մարզի դատախազության մոտ:

«Մենք չենք նահանջելու, մենք ամեն ինչ անելու ենք, որ եղբորս խափանման միջոցը փոխվի, թե հիմա պատգամավորների ստորագրություն կլինի, կամ այլ բան, մի բան պետք է անենք»,-ասաց Գեղամ Հակոբյանը:

Անդրադառնալով նրան, որ դատախազն ասում էր, տուժողն այլ ցուցմունք է տվել նախնական, հետո փոխել է ցուցմունքը, Գեղամ Հակոբյանն ասաց, որ սկզբում էլ է նույն ցուցմունքը տվել եւ այսօր էլ ինքնակամ է միացել իրենց ակցիային:

Նա նշեց, որ այսօր իրենք բողոքի ակցիան կավարտեն եւ փաստաբանի հետ կքննարկեն իրենց հետագա անելիքները:

Նշենք, որ կալանավորվածը Գերմանիայում է եղել, նրան հետ են կանչել Հայաստան` խոստանալով բուժել :

2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են, որ նա  տուժողին օգնել է, այդ վնասվածքները պատճառողը այլ քաղաքացի է  եւ այս տարիների ընթացքում տուժողը Գրիշայի դեմ բողոք չի ներկայացրել: