Սոցիալական աշխատողը պետք է դառնա սոցիալական պետության հենասյունը: Այս վերնագրով հոդված է հրապարակել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
հոդվածում, մասնավորապես, ասվում է.
«Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:
Շնորհավորում եմ մեր երկրում սոցիալական աշխատանքն իրենց ուսերի վրա իրապես տանող մարդկանց՝ նվիրյալներին:
Մեր երկրի Սահմանադրությամբ հստակ է պետության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքցու սոցիալական խնդիրների լուծման եւ արժանապատիվ գոյության ապահովման գործում:
Պետության առանցքային այս գործառույթն իրականություն է դառնում սոցիալական աշխատողների ամենօրյա աշխատոնքով՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հայտնաբերման, սոցիալական կարիքների համակողմանի գնահատման եւ նրանց խնդիրները լուծելու ճանապարհով:
Մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը մեկնարկել է տարիներ առաջ: Սակայն փաստ է, որ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղակի վերաբերում են սոցիալական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, այդ բարդ եւ պատասխանատու աշխատանքը կատարող բազահազար աշխատողների համար օբյեկտիվորեն անհրաժեշտ նվազագույն երաշխիքների ապահովմանը:
Մասնավորապես, առկա սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական աշխատողի եզրակացությամբ է գնահատվում ընտանիքի կարիքավորությունը: Հենց դրանով է որոշվում ընտանիքի անդամների սոցիալական աջակցության տեսակն ու չափը:
Եվ սա էլ այն դեպքում, երբ ներդրված չէ ընտանիքի անապահովության գնահատման լիարժեք մեթոդաբանություն, չկա սոցիալական աշխատողներին մասնագիտական վերապատրաստումների եւ ընթացիկ աջակցության գործուն համակարգ, ապահովված չէ սոցիալական աշխատանքի կատարման համար ենթադրվող գործուղման նվազագույն ծախսերի հատուցումը, իսկ սոցիալական աշխատողների վարձատրությունը գրեթե համարժեք է նվազագույն ամսական աշխատավարձի չափին:
Այսպիսի իրողության պարագայում անհնար է հավաքական իմաստով սոցիալական աշխատանքը զերծ պահել արդյունավետության խնդիրներից եւ տարաբնույթ ռիսկերից: Առիթներ ունեցել ենք բազում անգամներ նշելու վերջիններիս դրսեւորման կոնկրետ դեպքերը եւ հետեւանքները, որոնց համար պատասխանատվության տարբեր միջոցներ վերջերս կիրառում են միայն շարքային աշխատողների նկատմամբ: Իսկ այս համակարգի բարձրաստիճան պատասխանատուները, փաստորեն, իրենց պարգեւատրում են ամեն ամիս՝ իրենց աշխատավարձի չափով: Նաեւ այս անարդյունք պարգեւատրումներով է մսխվում սոցիալական աշխատողների աշխատավարձերի երկար սպասված բարձրացման եւ նարնց սոցիալ-աշխատանքային նվազագույն երաշխիքների ապահովման առկա հնարավորությունը:
Ամփոփելով՝ սոցիալական աշխատողը պետք է առաջնային գնահատվի՝ իր աշխատանքի բարդությանը եւ հանրային կարեւորությանը համարժեք: Իսկ սոցիալական աշխատանքի արդյունավետության բարձրացման համակարգային բարեփոխումները պետք է ոչ թե հետաձգվեն պոպուլիստական հայտարարությունների շղարշով, այլ պետք է դառնան սոցիալական պաշտպանության ոլորտի իրական ու առանցքային օրակարգ:




























