Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակիցները, որոնք որակավորման բավական բարձր մակարդակ ունեն, կարող են իրենց տեղը գտնել պետական կառավարման համակարգում։ Այս մասին նոյեմբերի 4-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նրա խոսքով՝ ինստիտուտի գործունեությունը, ինչպես ցույց է տվել ժամանակը, երկար տարիներ անարդյունավետ է եղել, ինչը վկայում է բարեփոխումների եւ փոփոխությունների անհրաժեշտության մասին։
«Մասնագետները կարծում են, որ ինստիտուտի փոխարինումը տարածքային գրասենյակներով ավելի արդյունավետ կլինի։ Նրանց պետք է ժամանակ տալ»,- ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ բոլոր ոլորտներում կա մասնագետների պակաս, ուստի նրանք, ովքեր կարող են օգտակար լինել պետությանը, առանց աշխատանքի չեն մնա։
«Մենք գիտենք, որ պետական կառույցներում հիմնականում աշխատել են ոչ բանիմաց մարդիկ։ Հայաստանի իշխանությունների խնդիրն այն է, որպեսզի չլինեն գործազուրկներ, այդ կարգի մարդկանց կառաջարկվի որակավորում անցնել եւ տեղավորվել աշխատանքի»,- ավելացրել է Բադալյանը։ Նա ընդգծել է, որ սոցիալական ցանցում կա օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։
«Ավելին, չկա սոցիալական պաշտպանի մասին օրենքը, որը կկարգավորեր շահառուների հետ աշխատանքը։ Հիմա դրա վրա աշխատում են համապատասխան հանձնաժողովը խորհրդարանում, հասարակական կազմակերպություններ, նախարարությունը»,- ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԵՊՀ-ում, «Սոցիալական աշխատանքը եւ արժանի սոցիալական պաշտպանության օրակարգը Հայաստանում» միջազգային կոնֆերանսում, նոյեմբերի 4-ին ասել է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը կլուծարվի, իսկ ինստիտուտի աշխատանքները կկատարեն 48 տարածքային գրասենյակները։



























