Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել Երեւանի եւ Դուշանբեի միջեւ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ երկու երկրների՝ ավանդաբար ջերմ հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նախագահը միեւնույն ժամանակ նշել է, որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա հնարավորություններին, եւ փոխգործակցության ներուժն իրականում շատ ավելի մեծ է: «Հին հարաբերություններն ու բարեկամությունը վաղը կամ մյուս օրն ավելի են գնահատվելու: Մենք պետք է լրջորեն օգտագործենք մեր ժողովուրդների բարեկամության հիանալի պատմությունը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Տաջիկստանի խորհրդարանի նախագահը Հայաստանի նախագահին է փոխանցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա վստահություն է հայտնել, որ Տաջիկստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան արդյունավետ ներդրում կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում: Զուխուրովն ասել է, որ հետաքրքրված են տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմամբ: Նա նշել է, որ հայերը Տաջիկստանում բնակվում են շատ վաղուց եւ միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի պետական կառավարման համակարգում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Նախագահ Արմեն Սարգսյանը որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ նշել է կրթությունը, նորագույն տեխնոլոգիաները, ֆինանսներն ու բանկային համակարգը, ինչպես նաեւ սննդարդյունաբերության ու սննդի անվտանգության ոլորտները: Ըստ նախագահ Սարգսյանի՝ ավելի մեծ բովանդակություն պետք է հաղորդվի համագործակցությանը մշակութային եւ հումանիտար ոլորտներին, մասնավորապես, անցկացվեն մշակույթի օրեր եւ իրականացվեն փոխանակման ծրագրեր:
Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նաեւ նախագահական նախաձեռնություններին եւ դրանց շրջանակում համագործակցության հնարավորություններին:




























