Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 5-ին, որոշեց հետաձգել Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդության լուծումը։

Պաշտպանները միջնորդել էին դատարան հրավիրել եւ հարցաքննել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար ստեղծված բժշկական փորձաքննության հանձնաժողովի մի քանի անդամներին։

«Փորձագետները նշել էին, որ Մանվել Գրիգորյանը կարող է ներկայանալ դատական նիստերին որոշակի պայմանների ապահովման պարագայում, դատարանը գրություն է ուղարկել բժշկական հաստաատություն, որ նրանք օժանդակեն ապահովել Մանվել Գրիգորյանի ներկայությունը նիստերին, սակայն  բժշկական հաստատությունը հայտնել է, որ նա չի կարող ներկայանալ,-նշեց դատավորը։

Դատարանը որոշում է հետաձգել միջնորդության լուծումը, մինչև էական հանգամանքների պարզումը, քրեական գործով ապացույցների ուսումնասիրության ավարտը։

Հաշվի առնելով, որ փորձաքննության եզրակացության մեջ գրված է՝ խոչընդոտող հանագմանք չկա Գրիգորյանի ներկայությունն ապահովելու համար, եթե համապատասխան միջոցներ ձեռնարկվի, բայց այնումենայնիվ այս հնարավորությունը չի ընձեռնվել, դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել ամբաստանյալ Գրիգորյանի և Ամիրյանի գործերն առանձնացնելու հարցը»,-նշեց դատավորը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատավարության մասնակիցներին խնդրեց հաջորդ նիստին իրենց կարծիքն արտահայտել Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն առանձնացնելու վերաբերյալ, արդյոք խոչընդոտող հանգամանքտ տեսնում են առանձնացման համար։

Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 12-ին, ժամը 12։00-ին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։