Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԿԺԴՀ-ին կոչ է արել խուսափել սադրիչ գործողություններից եւ հույս է հայտնել, որ Չինաստանը կկարողանա ռացիոնալ դեր ունենալ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման գործում: Այս մասին նա հայտարարել է ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ի խնդրին, ապա ես վստահ եմ, որ Չինաստանը ռացիոնալ եւ խելամիտ դեր կունենա: Նաեւ հույս ունեմ, որ մենք կկարողանան խուսափել ԿԺԴՀ-ի կողմից հերթական սադրիչ գործողություններից»,- ասել է Մակրոնը:
Հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: «Օբյեկտները, որոնք, հավանաբար, բալիստիկ հրթիռներ են, արձակվել են Հյուսիսային Կորեայից: Դրանք վայրէջք չեն կատարել մեր տարածքներում»,- հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը:
Ավելի ուշ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն մեծ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հերթական փորձարկումներ է անցկացրել:




























