Վրաստանում բնակչության համար ամենակարեւոր խնդիրներն են համարվում աշխատատեղերի ստեղծումը, գների կայունացումը եւ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը:

NDI-ի կողմից հասարակական կարծիքի հերթական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ աշխատատեղերի ստեղծումը կարեւոր է համարում հարցվածների 61 տոկոսը, գների կայունացումը` 39 տոկոսը, իսկ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը` 38 տոկոսը: Այս մասին հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Բնակչության 55 տոկոսը կարծում է, որ քաղաքական գործիչներն ընդհանրապես քիչ են անդրադառնում այդ թեմաներին:

Ինչպես հայտարարել է «ԱՄՆ-ը ազգային ժողովրդավարական ինստիտուտի»  տնօրեն Լուիս Շավարոն, Վրաստանի բնակիչներն իրենց համար կարեւոր խնդիրների լուծումներն ակնկալում են ընտրված պաշտոնական անձերից, ինչպես նաեւ քաղաքական կուսակցություններից:

Նշենք, որ հետազոտության նպատակն էր, պարզել բնակչությանը հուզող թեմաները` կապված ժողովրդավարության, ընթացիկ իրադարձությունների եւ փոփոխությունների հետ: