«Աշխարհակարգը կամ կանոնների վրա հիմնված միջազգային հարաբերությունների համակարգը, որը Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծվել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից, մի փոքր վտանգավոր եւ քաոսային վիճակում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, փոխանցում է CNBC-ն:
Նրա խոսքով՝ «աշխարհակարգը վերապրում է դիսլոկացիայի շրջան, մենք բոլորս զգում ենք, որ միջազգային համակարգը դարձել է մի փոքր վտանգավոր եւ քաոսային»: «Սրա պատճառն այն չէ, որ գոյություն ունեն զսպված ճգնաժամեր, այլ այն, որ դրա փոխարեն, մենք տեսնում ենք համաշխարհային կարգի կործանում, որպիսին այն երբեւէ ճանաչել ենք»,- ասել է Ռայսը:
Նրա խոսքով՝ աշխարհակարգը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից, եւ կենտրոնական սկզբունքներից մեկն էր ազատ եւ բաց առեւտուրը, որը հիմա սպառնալիքի տակ է: «Միջազգային տնտեսությունը ստեղծվել է որպես խաղ դրական գումարով: Ստեղծվել է ազատ եւ բաց առեւտրի վրա հիմնված համակարգ, ինստիտուտներ կային, ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկը... Այդ համակարգը նաեւ հենվում էր ԱՄՆ առաջնորդության եւ ռազմական պաշտպանության վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմա այդ համակարգը սպառնալիքի տակ է:
Ռայսի խոսքով՝ գլոբալ համակարգը կամ աշխարհակարգը, որը գոյություն ունի 1945 թվականից, սպառնալիքի տակ է եղել 3 խնդիրների պատճառով՝ միջազգային անվտանգության պահպանում եւ ահաբեկչական հարձակումների կանխում, ինչպես նաեւ պայքար կիբեռանվտանգության սպառնալիքի դեմ:
«Աշխարհակարգի համակարգի համար երկրորդ մեծ խնդիրը, որը ստեղծվել է 1945 թվականից հետո, մեծ տերությունների մրցակցության խնդիրն է, որը վերջին մի քանի տարիներին սաստկացել է»,- ասել է նա՝ վկայակոչելով Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները (որի միջամտությունը ԱՄՆ 2016 թվականի ընտրություններին նախկինի պես շարունակում է մնալ «ԱՄՆ-ում պառակտման գլխավոր խնդիրը»), ինչպես նաեւ «աճող Չինաստանը»:
Այդուհանդերձ, նա նշել է, որ «ոչ մի բան այս համակարգին մարտահրավեր չի նետում, ինչպես պոպուլիզմի, ազգայնականության, պրոտեկցիոնիզմի եւ մեկուսացվածության (իզոլյացիոնիզմի) աճը»: «Մարդկանց ասում են, որ վերնախավերն ու ինստիտուտները, որոնք նրանց ներկայացնում են, իրականում գործում են ոչ իրենց շահերի շրջանակում, նրանց ասում են, որ գլոբալացումը նրանց օգուտ չի տվել, եւ անկեղծ ասած՝ որոշ մարդկանց համար գլոբալացումը չի գործել»,- ասել է նա: Սակայն հենց 1945 թվականից գոյություն ունեցող միջազգային տնտեսական համակարգն է «պահպանել միջազգային տնտեսական աճը»,- հավելել է Ռայսը:





























