ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարտերը հոսպիտալացվել է Ջորջիա նահանգում՝ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրայի անցկացման համար, մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Քարտերի նախագահական կենտրոնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին մեկ տարվա ընթացքում Քարտերին արդեն հոսպիտալացրել էին կողոսկրի կոտրվածքով։ Նա նաեւ կոտրել էր ազդրի վզիկը, որի պատճառով նրան վիրահատել էին։ «Նախկին նախագահ Ջիմի Քարտերն այսօր երեկոյան (երկուշաբթի, ԱՄՆ-ի ժամանակով-խմբ․) ընդունվել է Էմորիի համալսարանի հիվանդանոց՝ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրայի անցկացման համար, որը առաջացել է վերջերս նրա ընկնելու հետեւանքով արնահոսությունից», -ասվում է հայտարարության մեջ։ Պրոցեդուրան կանցկացվի երեքշաբթի առավոտյան։ Նրա կինը՝ Ռոզալինան, ամուսնու հետ է։





























