Ճապոնիայի հյուսիս-արեւելքում` Սենդայ քաղաքի մոտակայքում առաջին երկրաշարժից մեկ րոպե անց տեղի է ունեցել երկրորդը` 7,4 մագնիտուդ ուժգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»`հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքին:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սենդայ քաղաքից 66 կմ, իսկ մայրաքաղաք Տոկիոյից 330 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 25,6 կմ խորության վրա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, այսօր`  ապրիլի 7-ին Ճապոնիայի ափերին նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացել են երկրի մի քանի պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ մայրաքաղաք Տոկիոյում։ ԱՄՆ աշխարհագրական ծառայության սեյսմոլոգների հաղորդմամբ, երկրաշարժի մագնիտուդը  կազմել է 4,9:

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու արեւելյան ափերին, Միտո քաղաքից 34 կմ հեռու, Խաղաղ օվկիանոսում 48,5 կմ խորության տակ:

Երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն գրանցվել։ Ցունամիի վտանգի մասին ոչինչ չեն հաղորդում։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին ճապոնիայում 9 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է ավերիչ ցունամին։ Ճապոնիայում զոհվածների թիվն անցնում է 12,6 հազարից։