ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը կարող է զինված հակամարտության վերածվել: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, որը կարեւոր դեր է ունեցել Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործում:
«Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է համեմատաբար ոչ մեծ ճգնաժամի պատճառով, իսկ այսօր զենքն ավելի հզոր է»,- ասել է նախկին բարձրաստիճան դիվանագետը Bloomberg New Economy Forum-ի ժամանակ:
«Չինաստանը խոշոր տնտեսական երկիր է: Մենք նույնպես»,- ասել է Քիսինջերը:
Նրա խոսքով՝ սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի եւ Խորհրդային միության միջեւ երկու երկրների միջուկային ներուժի կրճատման հարցով ծրագիրը գլխավոր առաջնահերթությունն էր: Եվ քանի որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հակամարտությունը «պասիվ» է եղել, Վաշինգտոնը որեւէ հիմք չունի Պեկինին որպես «ռազմական ուժ» դիտարկելու համար: Նա նշել է, որ եթե կողմերը շարունակեն «աշխարհում յուրաքանչյուր խնդիր դիտարկել հակամարտության տեսանկյունից», ապա դա կարող է «վտանգավոր լինել մարդկության համար»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հոնկոնգում անկարգությունները կարող են նոր սառը պատերազմի «թեժ կետ» դառնալ, Քիսինջերն ասել է, որ ինքը հույս ունի, որ այդ «ծայրաստիճան էմոցիոնալ» հարցը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով:





























