La Belle Des Oceans զբոսանավը բախվել է ժայռերի թաիլանդական Փհի-Փհի կզղիների հարավում՝ Անդամանյան ծովում։ Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է Maritime Bulletin պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02.00-ի եւ 03.00-ի արանքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ նավի վրա եղել են 90 ուղեւոր եւ անձնակազմի 60 անդամ։ Միջադեպի հետեւանքով նավի քթամասը ողողվել է ջրով։ Չնայած դրան՝ նավը կարողացել է ինքնուրույն հասնել Փհուքեթ կղզի՝ Թաիլանդի ՌԾՈւ սեւեռուն հսկման ներքո։ Այն կառանել է ժամը 10.30-ին, նավի վրա գտնվող բոլոր մարդիկ անվտանգության մեջ են։
La Belle Des Oceans-ը նավարկում էր Բելգիայի դրոշի ներքո՝ մալայզիական Փինանգ կղզուց դեպի Թաիլանդի Փհանգնգա ծոց, որը Փհուքեթի մոտ է։ Նավը կառուցվել է 1989 թվականին, օպերատորը CroisiEurope միջազգային ընկերությունն է։





























