Երեւանում ձեւավորվում է աղբի տեսակավորման ավանդույթ: Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Թուղթը աղբ չէ»: Հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսեցին աղբի տեսակավորման արշավը:
«Թուղթը կիլոգրամների վերածելով հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, եւ դա մեծ ոգեւորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,-ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը:
«Հետո արդեն բնակիչներն իրենք էին գրում, որ տանը պլաստիկ կամ ապակի ունեն եւ հարցնում էին, թե ինչ կարող են անել, որտեղ հանձնեն»,-հավելում է կազմակերպության կամավորներից Շուշան Բաբայանը:
Այս տարի Երեւանի քաղաքապետարանը «էկո աղբ» հասարակական կազմակերպության հետ սկսեց «Էկո թաղամաս» նախագիծը: Ծրագիրն իրականացվում է Դավթաշենում: Նպատակն էր՝ սովորեցնել բնակիչներին տեսակավորել աղբը:
«Նախագիծը 7-րդ ամսում է: Թափոնների հավաքին այսօր միացել է 200 գրանցված եւ շուրջ 100 չգրանցված ընտանիք: Թափոնները հավաքվում են շաբաթը երկու անգամ: Բաժանված հատուկ տոպրակներ ունենք՝ կարմիր՝ ապակու, կանաչ՝ թղթի եւ մոխրագույն՝ պլաստիկի համար»,- նշում է Հռիփսիմե Մկրտչյանը:
«Էկո թաղամասի»՝ Դավթաշենի կենտրոնական այգում, նաեւ շենքերից մեկի բակում տեղադրվել են այդպիսի աղբամաններ՝ պլաստիկի եւ ապակու համար:
«Արդյունքներն, իհարկե, գոհացնում են, որովհետեւ արդեն մի քանի ամիս է՝ նկատվում է, որ աղբամաններից բացակայում է պլաստիկն ու ստվարաթուղթը»,-նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:
Ամեն միջոցառումից մոտ կես տոննա թուղթ է հավաքվում, 100 կգ պլաստիկ եւ 300-400 կգ ապակի:
Միանալ ծրագրին կարող է յուրաքանչյուր ոք՝ հետեւելով սոցիալական հարթակներին:
Նախաձեռնությանը միացել են նաեւ տնտեսվարողները:
«Տնտեսվարողների հետ աշխատում ենք հիմնականում ստվարաթղթի առումով: Ունենք 20-25 տնտեսվարող, որոնք հանձնում են իրենց ստվարաթուղթը: Հուսով եմ, որ այս թիվը կավելանա»,- ասում է Միքայել Թումասյանը:
Հիմա արդեն ծրագրին միացել են գրեթե բոլոր վարչական շրջանները: Ավելի քան 1000 ընտանիք կանոնավոր կեչպով տեսակավորում է աղբը, առանձնացնում վերամշակելի թափոններն ու հանձնում:
Սահմանված օրերին ու ժամերին թափոնները հավաքվում են հիմնականում Երեւանի քաղաքապետարանի բեռնատարով: Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է ավելացնել մեքենաների քանակն ու նաեւ նոր հատուկ առանձնացված աղբամաններ տեղադրել:
Թափոնների, հատկապես պլաստիկ շշերը հավաքելն ավելի հեշտացնելու համար «Էկո աղբ» ծրագրի կամավորները, որոնք նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ են, քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծել են շշեր հավաքելու խելացի սարք:
«Սարքն ամբողջությամբ մեխանիկական է եւ աշխատում է առանց էներգիա ծախսելու: Խցանները կարող ենք առանձնացնել եւ այդպես նետել կամ անպայման թուլացնել: Ունի հատուկ տեղ, որտեղ պետք է դրվի շշի վերեւի մասը, այնուհետեւ իրեն թեթեւ սեղմում ենք, որից հետո բռնակով հրում ենք շիշը սարքի մեջ»,-պատմում է ծրագրի կամավորներից Գայանե Կարապետյանը:
3 շշի դիմաց՝ 10 դրամ: Սա առաջին ու առայժմ միակ օրինակն է: Շտկումներից հետո սարքը կտեղադրվի Երեւանի որեւէ հատվածում: Հաջողության դեպքում կմտածեն նաեւ նորերը ստեղծելու մասին:
«Իրականում ուզում էինք, որ այն շշերը, որոնք փողոցից հավաքվում են, լվացվում անհայտ պայմաններում եւ հետո կրկին օգտագործվում կենցաղում՝ պարզապես չլինեն: Մեր առաջարկը նաեւ այս ամենի դեմ պայքարի միջոց էր»,-մանրամասնում է Հռիփսիմե Մկրտչյանը:
Աշակերտներն արդեն գիտեն՝ ավելորդ թուղթն ու պլաստիկը ընդհանուր աղբամանի փոխարեն ունեն իրենց հատուկ արկղերը:
Բոլոր թափոնները հավաքվում եւ տեղափոխվում են Դավթաշեն: Այստեղ վերջնական տեսակավորումից հետո դրանք գնում են վերամշակման՝ ստանալու երկրորդ կյանք:
Ի՞նչ կարելի է ստանալ պլաստիկ շշերից, բաժակներից կամ այլ առարկաներից: Վերամշակող ընկերությունները դրանք մանրացնում են, մշակում եւ ստանում պատրաստի արտադրանք, օրինակ՝ կախիչներ:
Քաղաքապետարանն աղբի տեսակավորման այլ ծրագրեր էլ է իրականացնում:
Երեւանի մի շարք հատվածներում, նաեւ քաղաքապետարանի շենքում ու համայնքային հիմնարկներում թղթի եւ պլաստիկի տեսակավորման աղբարկղեր են տեղադրված «ԱյԷսԷսԴի» «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ «Recycle it» ծրագրով: Դեռեւս ամիսներ առաջ թափոնները տեսակավորելու քաղաքապետի կոչին միացան նաեւ դպրոցները:
Աղբի տեսակավորումը հարկավոր է դարձնել մեր կենցաղի մի մասը. հիմա արդեն դա ոչ միայն բարի ցանկություն է, այլեւ իրագործելի: Քաղաքային իշխանությունն այս ուղղությամբ նոր ծրագրեր է մտածում: Սակայն առանց քաղաքացիների աշխույժ մասնակցության դրանք իմաստ չեն ունենա:



























