Գողերը Դրեզդենում սաքսոնացի թագավորների «Կանաչ կամար» գանձարանից տարել են հարյուր միլիոն եվրոյի ցուցանմուշներ, հայտնում է Meduza-ն՝ հղում կատարելով Bild-ին։
Վնասի ստույգ չափը եւ գողացված իրերի ցուցակը հստակեցվում է։ Bild-ի տվյալներով, խոսքը ադամանդների եւ անտիկ զարդերի մասին է։ Թերթը հնարավոր է համարում, որ այս հանցագործությունը հետպատերազմյան պատմության մեջ արվեստի գործերի խոշորագույն կողոպուտը լինի։
Սաքսոնիայի վարչապետ Միխաել Կրեչմերի խոսքերով, կողոպտել են ոչ միայն պետական թանգարանը, «այլեւ բոլոր սաքսոնացիներին»։
Գողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 5-ին մոտ։ Գողերը ներթափանցել են թանգարան, ծռելով առաջին հարկի լուսամուտի մետաղյա ցանցը։ Մինչ այդ նրանք այրել են տրանսֆորմատորը, թանգարանի շենքը հոսանքազրկվել է, եւ ազդանշանային համակարգը չի աշխատել։
«Կանաչ կամարը» Եվրոպայում թանկարժեք իրերի խոշորագույն հավաքածուներից է, դրանում հաշվվում է 4000 թանկարժեք զարդ։ Այն XVII դարում հիմնել է Սաքսոնիայի իշխան Օգոստոսը։





























