Հայաստանը հետաքրքրված է Վիետնամի հետ ԵՏՄ երկրների տեղեկատվության փոխանակմամբ, քանի որ խոսքը աշխարհում առավել արագ զարգացող շուկաներից մեկի մասին է։ Այս մասին խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, նոյեմբերի 25-ին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության երկրների եւ Վիետնամի միջեւ տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության նախագիծը։
Ինչպես նշեց Անանյանը, 2016 թվականի հուլիսին ստորագրվեց համաձայնագիր ԵՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ, որի կետերից մեկը վերաբերում էր ապրանքների եւ փոխադրամիջոցների տեղաշարժի մասին տեղեկատվության փոխանակմանը։ Միեւնույն ժամանակ, տեղեկատվության փոխանակումը նախատեսվում էր իրականացնել երեք փուլով՝ 1-ին – մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 5, 2-րդ – մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 5 եւ 3-րդ – մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 5։
«Բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանը չի կատարել բոլոր ընթացակարգերը՝ կապված արձանագրության վավերացման հետ, տեղեկատվության փոխանակումը մինչեւ այժմ չի իրականացվել։ Փաստաթուղթը պարունակում է երեք լրացում, որոնք վերաբերում են այն ապրանքների պարամետրերին, բովանդակությանն ու խմբերին, որոնց շուրջ պետք է կատարվի տեղեկատվության փոխանակումը։ Արձանագրությունը կոշտ կերպով կանոնակարգում է գաղտնի բնույթ կրող տեղեկատվությունը։ Այն կարող է տրամադրվել բացառապես ԵՏՄ երկրների մաքսատներին՝ առանց երրորդ անձանց տրամադրելու իրավունքի։ Միեւնույն ժամանակ, տեղեկատվության փոխանակումը կիրականացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից այն ստանալուց չորս ժամ հետո, ինչը զգալիորեն կբարձրացնի որոշումների ընդունման օպերատիվությունը»,- պարզաբանել է Անանյանը։
ՊԵԿ նախագահը նշել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր է նման փաստաթուղթ ունենալը, որը թույլ կտա բացառել այլ երկրներից ապրանքների մատակարարման գայթակղությունը։



























