ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերն, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, մուտքի դռան փականները չպարզված եղանակով բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Քաջարան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարաններից մեկը եւ հափշտակել մետաղյա չհրկիզվող պահարան, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.539.600 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար եւ շուրջ 35 կտոր ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով:
Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Քաջարան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1981թ.: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձին օգնել են եւս 4 անձ, որոնց հետո տեղափոխել են հափշտակված մետաղյա պահարանը, լինգի գործադրմամբ բացել այն, վերցրել դրանում եղած ոսկյա զարդերը, գումարը եւ այնուհետեւ՝ գլորել ձորն ի վար: Մետաղյա պահարանը, դրանում եղած ոսկյա զարդերի տուփերը եւ 12մմ. տրամաչափի 28 փամփուշտները հայտնաբերվել են:
Նշանակվել են հետքաբանական, ապրանքագիտական ու մատնադրոշմային փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցանք կատարած այլ անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


























