Ճապոնիային պատուհասած նոր բնական աղետները հուսահատության են հասցրել բնակչությանը։ La Repubblica-ի թղթակիցը Իշինոմակի քաղաքի դպրոցի մարզասրահում պատսպարված 300 ճապոնացիների հետ է եղել, երբ կրկին երկրաշարժ է գրանցվել։
Մարտի 11-ի երկրաշարժի հոգեբանական սթրեսից դեռ դուրս չեկած ճապոնացիները, ապրիլի 7-ի տեղական ժամանակով 23։32-ի սահմաններում երկրաշարժն զգալով, սարսափահար են եղել։
La Repubblica-ի թղթակիցը գրում է, որ երկրի ընդերքի ցնցումներն զգալով աղետից փրկվածները խուճապահար սկսել են ճչալ, մի մասը լաց էր լինում, իսկ ոմանք կիսամերկ դուրս են փախել շենքից։ Ծերերն անշարժ գրկել են քնից նոր արթնացած մանկահասակ երեխաներին, եւ քար կտրած, սկսել արտասվել անօգնական վիճակից։
Ոմանք կարծել են, թե նոր ցունամիի վտանգ է սպառնում, եւ հանգստացել միայն, երբ ռադիոյով հաղորդել են, որ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ցունամիի բարձրությունը չի գերազանցի 2 մետրը։
«Մենք այլեւս չենք կարող այսպես դիմանալ։ Եթե մեզ այստեղից չտարհանեն, ապա հետագայում դիակների հետ, այստեղ միայն խելագարներ կլինեն»,-թղթակցի հետ զրույցում նշել է Իշինոմակիի ավերված սուշի-ռեստորանի նախկին խոհարար Կումիկո Սագավան։ Ոմանք սարսափել են, որ նոր երկրաշարժից կավերվի «Ֆուկուսիմա» ատոմակայանը։
Նշենք, որ ապրիլի 7-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով վնասվել է նաեւ «Օնագավա» ատոմակայանը։





























