Միասնական շուկաների առաջացումը եւ աշխատաշուկայի ընդլայնումը Եվրասիական տնտեսական միության զարգացման հիմնական հեռանկարներն են։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ԵՏՄ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։

«Ինչով է լավը միութենական պայմանագիրը, որը ստորագրվել է հինգ տարի առաջ՝ դրա մեջ որոշակի հեռանկար կա, եւ մինչեւ 2025թ․ օրակարգի մասին խոսելը շատ հեշտ է, քանի որ այն գրված է պայմանագրում։ Եւ առաջինը, որ ես ուզում եմ տեսնել 2025թ․, այն է, որ այնտեղ գրվածն իրականանա։ Դա նշանակում է, որ մեր ենթակառուցվածքային ոլորտներում՝ էներգետիկ, տրանսպորտային, կոմունիկատիվ եւ ֆինանսական, հայտնվում են միասնական շուկաներ, մեզ մոտ հայտնվում է կարգավորման միասնական համակարգ»,- նշել է Խրիստենկոն։

Բացի այդ, նրա խոսքերով, անհրաժեշտ է ընդլայնել աշխատաշուկան, այդ թվում՝ հումանիտար ոլորտները։ «Երկրորդը, ինչը ես կուզեի տեսնել, այն հատվածի ընդլայնումն է, որը կապված է մարդկային կապիտալի հետ, աշխատանքի շուկայի առավել լիակատար բացումը՝ արդեն հումանիտար ոլորտների ընդգրկմամբ, որոնք մարդկային պոտենցիալի եւ մարդկային կապիտալի ձեւավորման աղբյուր են տալիս»,- հավելել է Խրիստենկոն։

Դրա հետ մեկտեղ ԵՏՄ Կոլեգիայի նախագահը ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձրացնել ազգային կառույցի աշխատանքի արդյունավետությունը։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան պետք է ստանա ավելի մեծ կոմպետենտություն, ավելի շատ իրավասություններ։ Պետք է ընդլայնվի որոշումների կայացման հարթակը»,- ասել է Խրիստենկոն։