Հայաստանն անուշադրության է մատնում հասարակության հետ աշխատանքի մի հզոր գործիք եւ հնարավորություն՝ սոցիալական գովազդի տեսքով։ Այս մասին «Հայաստանում պետական քաղաքականության եւ սոցիալական երկխոսության կատարելագործումը ինտիտուցիոնալ սոցիալական գովազդի միջոցով» համաժողովում նոյեմբերի 28-ին ասաց «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Արզուման Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կարիք ունի ոլորտի ինստիտուցիոնալ կայացման։ Ինչպես նշեց փորձագետը, դեռեւս նախկին իշխանության ժամանակ Հայաստանում ձեռնարկվեց սոցիալական գովազդի հայեցակարգի մշակման փորձ, որը ներկայացվեց կառավարության դիտարկմանը։ Ընդ որում՝ հայեցակարգը ենթադրում էր ինչպես օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ, այնպես էլ դրա իրականացման մեխանիզմներ։ Բայց փաստաթուղթը այդպես էլ չհաստատվեց, հայեցակարգի ընդունման համար անհրաժեշտ էր նախագահի եզրակացությունը, որը չկա առ այսօր։
Չնայած դրան, փաստաթուղթը, Հարությունյանի գնահատմամբ, ունեցավ նաեւ դրական հետեւանքներ։ Մասնավորապես, փոփոխություններ կատարվեցին հեռարձակման քաղաքականությունում։ Այսպես, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում արգելեցին տեղադրել առեւտրային գովազդ եւ թողեցին միայն սոցիալականը։
Այնուամենայնիվ, ՀԿ ղեկավարի խոսքով՝ այս հարցով բաց է առաջացել այն պատճառով, որ չկար մարմին, որը կստուգեր սոցիալական գովազդի համապատասխանությունն իր բնույթին եւ առեւտրային բաղադրիչի բացակայությունը։
Արդյունքում՝ մի քանի տարի առաջ մշակույթի նախարարության կառուցվածքում ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է զբաղվեր սոցիալական գովազդի հարցերով, բայց որոշումը թերի էր, քանի որ դրանում ընդգրկվեց 20 մարդ, որոնցից շատերը կապ չունեն գովազդի շուկայի հետ։ «Մինչ օրս հանձնաժողովը չունի սոցիալական գովազդի գնահատման չափանիշներ։ Չկա հայտի հաստատման կամ մերժմման ոչ մի չափանիշ»,- ասել է փորձագետը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ սոցիալական գովազդի անցկացված մոնիթորինգը Հայաստանում ցույց է տվել, որ ոլորտը գտնվում է բավական անմխիթար կացության մեջ։ Մոնիթորինգի շրջանակում հետազոտվել են առողջապահության, մշակույթի, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալայան հարցերի նախարարությունների սոցիալական հոլովակները։ Պարզվել է, որ մեկ տարում պետպատվերը կազմում է մոտ 3-5 սոցիալական հոլովակ, այն դեպքում, երբ, օրինակ, ԱՄՆ-ում այդ ընթացքում թողարկվում է 330 հազար հոլովակ՝ նվիրված սոցիալական գովազդին։
«Կա սոցիալական քաղաքականություն։ Սոցիալական գովազդը պետք է ուղղված լինի այդ քաղաքականության իրականացմանը։ Բայց գործնականում յուրաքանչյուր նախարարություն ինչ-որ բան անում է իր ուժերով»,- ավելացրել է ՀԿ ղեկավարը։
Արզուման Հարությունյանն ընդգծել է, որ սոցիալական գովազդը չպետք է լինի հատվածային՝ երբեմն հեռարձակվելով առանձին ռեսուրսներով, այլ պետք է ներկայացվի որպես հետեւողական քաղաքականություն, որն իր առջեւ կոնկրետ նպատակ է դնում՝ ազդել մարդկանց ենթագիտակցության վրա, եւ դա, նրա կարծիքով, մեկ օրվա խնդիր չէ։
Ինչպես կարծում է փորձագետը, այսօր Հայաստանում շատերը չեն գիտակցում սոցիալական գովազդի արժեքավորությունն ու նշանակությունը։ Նա նշեց, որ համաշխարհային պրակտիկայում սոցիալական գովազդի հիմնական մասի՝ մոտ 60-70 տոկոսի պատվիրատուն պետությունն է, իսկ մնացած մասինը՝ հասարակական եւ մարդասիրական կազմակերպությունները։





























