Baklachoff Collection ընկերությունը, գործունեություն ծավալելով ռեստորանային ոլորտում, ներկայացնում է “Кавказская Пленница” ռեստորանային ցանցը, “Չայխոնա” ռեստորանը, “Джентльмены Удачи” ռեստորանային ցանցը, Pizza Party նախագիծը և Patrick’s Pastry-ն: Ընկերությունը մշտապես հանդես է գալիս նորություններով, ինչի ապացույցն էր նոյեմբերի 27-ին կայացած գաստրոընթրիքը շեֆ խոհարար Օլեգ Կոլիսնիչենկոյի հետ համագործակցության շրջանակում:
Համագործակցության մասին խոսեց նաև ընկերության օպերացիոն տնօրեն Արսեն Բակլաչյանը՝ «Մեզ համար կարեւոր է մշտապես հետեւել ժամանակակից գաստրո տենդենցներին եւ դրանք ներկայացնել մեր շուկայում: Հենց այդ պատճառով էլ մեր ընկերությունը նախաձեռնեց այս համագործակցությունը բարձրակարգ շեֆ խոհարար Օլեգ Կոլիսնիչենկոյի հետ, ով ներկայացնում է Novikov Group & Правый Берег ընկերությունները, ովքեր առաջատար են ոչ միայն ռուսաստանյան, այլև եվրոպական շուկայում»:
Շեֆ խոհարար Օլեգ Կոլիսնիչենկոն ավարտել է Կիեւում ռեստորանային բիզնեսի դպրոցը, վերապատրաստվել Թուրինի, Մադրիդի եւ Սան Ֆրանցիսկոյի մի քանի ռեստորաններում, աշխատել է սու-շեֆ եւ շեֆ խոհարար Ուկրաինայում եւ Ռուսաստանում ֆրանսիական, իտալական եւ միջերկրածովյան խոհանոցների ռեստորաններում: Այս պահին «La Fabbrica» իտալական ռեստորանի շեֆ խոհարարն է, որը հիմնել է հանրաճանաչ շեֆ խոհարար Միրկո Զագոյի հետ միասին: NEWS.am-ը զրուցեց Օլեգի հետ մինչև ընթրիքը՝ բացահայտելու նրա վարպետության որոշ նրբություններ…
Այսպիսով, ի՞նչ է սպասվում մեր գուրմաններին
Նրանց դատին կհանձնվեն հատուկ ուտեստներ՝ «Թարթար՝ տավարի մսով եւ կարմիր խավիարով», «Բրյուսելյան կաղամբ», «Սպիտակ սնկով աղանդեր»… Ցանկանում եմ հյուրերին լավ, խրխրթան բրյուսելյան կաղամբ մատուցել, տեղական մսով պատրաստված անսովոր ուտեստով զարմացնել…
Այսինքն՝ Դուք սիրում եք էքսպերիմենտներ…
Իհարկե: Այսօր սնկով դեսերտ կհամտեսենք։ Սունկ, շագանակ… Բաղադրիչներն, անշուշտ, ինձ հետ եմ բերել: Ես սեւ շիկասունկ եմ գնում «Գորյաչիյ կլյուչից», որը գտնվում է Կրասնոդարում: Դա կրեմ-բրյուլեի ջեռոցում պատրաստած տարբերակն է, ջրով շոգեխաշած, կեղեւով… Սակայն այդ ուտեստը տաք չի մատուցվում, այլ սառը. Ահա՛ թե որն է առանձնահատկությունը:
Ես այդ դեսերտով շատ վայրերում եմ ներկայանում, դա, կարծես, աշխատանքային թեմա լինի եւ շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են մարդիկ այն փորձում, քննարկում…
Իսկ ո՞ր խոհանոցն է Ձեզ հոգեհարազատ
Գիտեք՝ Փարիզից հետո շատ դժվար էր… Տանը ես այլ մթերքներ, այլ սարքավորում, այլ շրջապատ ունեի… Սակայն ինձ համար թանկ դարձավ այն ամենը, ինչը կապված է ֆրանսիական խոհանոցի հետ: Այդ մարդիկ նկարիչներ են, գեղագետներ, նրանք ափսեի վրա պահպանում են համաչափությունը, չեն ծանրաբեռնում այն, հարգում են գունային գամման, խորհրդածում են կառուցվածքի շուրջ… Ես միշտ կարծել եմ, որ ֆրանսիական խոհանոցն իդեալական է, եւ որոշ ֆրանսիական սոուսներ օգտագործել ենք այսօրվա ընթրիքում: Բացի այդ, օգտագործել ենք իտալական եւ իսպանական խոհանոցների «հնարքները»…
Իսկ ի՞նչ կասեք հայկական խոհանոցի մասին, Ձեզ դուր գալի՞ս է։
Առաջին անգամ չեմ Հայաստանում, նախորդ անգամ Baklachoff Collection ընկերության հետ բավականին ժամանակ եմ անցկացրել Երևանում, սակայն հայկական խոհանոցին ծանոթ եմ մակերեսորեն՝ խորոված, քյաբաբ, դոլմա, լահմաջո… Հայկական խոհանոցն ինձ համար այնքան էլ դյուրին չէ: Ես կարող եմ պատրաստել ցանկացած ծովամթերք, ձուկ, սակայն հայկական ուտեստներն իրոք բարդ են: Երեկ մենք այցելեցինք Սեւան, Ծաղկաձոր, փորձեցինք ընկերության երկու ռեստորանների՝ «Джентльмены Удачи» եւ «Кавказская Пленница» խոհանոցներից, և իսկապես կարող եմ խոստովանել, որ հայկական խոհանոցը շատ համեղ է:
Գաստրոընթրիքը տեղի ունեցավ “Չայխոնա” ռեստորանում. երեկոյին հրավիրված էին հատուկենտ հյուրեր, որոնց ներկայացվեց հեղինակային ուտեստներից բաղկացած դեգուստացիոն սեթը:
Օլեգը պատրաստում էր հենց հյուրերի աչքի առջև՝ Chef’s Table ձևաչափով: Նման համագործակցությունները Baklachoff Collection ընկերության հետ շարունակական բնույթ են կրելու:





























