Մենք ասում ենք՝ ուռա, 300 մահճակալանոց նոր հիվանդանոց ունենք, փոխանակ նստենք լացենք, որ էս ինչքան տխուր է ձեր առողջական վիճակը, որ 150 հազար բնակչություն ունեցող փոքր Արցախն ունի 15-20 հիվանդանոց, իսկ մահճակալների թիվը հավասար է մի քանի տասնյակ հարյուրի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը:

«Բա ուր են մեր կանխարգելիչ միջոցառումները, որ չհիվանդանանք; Թե՞ սպասում եք՝ ես հիվանդանամ, գամ վճարեմ, որ դուք ինձ բուժե՞ք»,-ասաց նա:

Բալասանյանն անդրադարձավ նաեւ կանանց, հղիների առողջությանը՝ նշելով. «Ես ձեզ խնդրում եմ՝ մի քանի հոգով գնացեք ծննդատան կոնսուլտացիա, թաքուն նայեք, թե մեր հղի կանայք, ապագա մայրերը ինչ հագուկապով են գալիս: Եթե ձեզնից յուրաքանչյուրն այնտեղ բժիշկ լինի, կընդունի՞, թե՞ չի ընդունի: Այսօր բժիշկը չի որոշում, որ ասի՝ աղջիկ ջան, հարս ջան, քո հագուկապը սա պետք է լինի, սննդամթերքը սա պետք է լինի: Ոչ թե չինական շալվարները հագնեք, երեխան ներսում ծալված, գնաք կոնսուլտացիայի: Նաեւ ուսումնասիրեք մեր ծնված երեխաների վիճակը: Տեսեք, թե մայրը, որ ապագա է ծնում, արդյոք այս երկրին, այս ընտանիքին դա պետքական է լինելու:

7, 8, 10 երեխա ունեցող ընտանիքների երեւի մեկ տոկոսում է, որ նորմալ երեխաներ են ծնվում: Էդ ընտանիքները ապրում են աղքատության մեջ, շատ երեխաներ են ունենում, որ բնակարան ստանան, երեխաների նպաստներով ընտանիք գոյատեւի: Ապրում են սրա-նրա դուռը ծեծելով: Մենք էլ ուրախ-ուրախ ասում են՝ տարեկան 100 հոգի ավելի շատ է ծնվում: Մենք պետք է օգնենք 1-ին երեխան ծննդաբերի, 3-րդ երեխան ծննդաբերի, բայց 4-րդ, 5-րդ-ի դեպքում էդ մարդիկ պետք է ասեն՝ ունենք այսքան պայմաններ, մի մահճակալ էլ ավելացնում ենք: Մեզ առողջ սերունդ է պետք, մեզ պետք չի հիվանդ մարդիկ ծնվեն: Մեզ պետք չի ունենալ 200-250 հազար մարդ, ինչպես խոստանում են որոշ մարդիկ, եթե դրա հաշվին է դա լինելու: Ես դրան կտրականապես դեմ եմ»,-ընդգծեց նա: