Մալիում հակաահաբեկչական գործողության հետեւանքով Ֆրանսիայի 13 զինվորականների մահվան կապակցությամբ ֆրանսիական «Շարլի Էբդո» պարբերականի հրապարակած ծաղրանկարները զայրացրել են Ֆրանսիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ Թյերի Բյուրքարին, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով գեներալի թվիթերյան գրառմանը:
Ծաղրանկարները հրապարակվել են «Բանակում նորակոչիկներին ներգրավելու ուղղությամբ առաջիկա արշավ» միասնական կարգախոսի ներքո: Յուրաքանչյուր նկարի շրջանակում ընթերցողին հիշեցնում են, որ ցամաքային զորքերն ընդլայնում են կազմը 15 հազար մարդու քանակով:
Դրանցից մեկի վրա «Ես պաշտպանում եմ իմ երկիրը եւ առաջխաղացում ապրում կյանքում» գրառումն արված է զինվորական համազգեստով կմախքի ֆոնին, մեկ ուրիշ նկարի վրա՝ շքանշաններով դագաղի ֆոնին: «Ես հղում եմ անում մյուսներին եւ իմ ապագային» կարգախոսի համար նկարիչը պատկերել է զինվորներին, որոնք տանում են ֆրանսիական դրոշով ծածկված դագաղը:
Շտաբի հրամանատարը հիշեցրել է, որ այժմ 13 ֆրանսիական ընտանիքներ սգում են Մալիում ռազմական գործողությունների ժամանակ կատարված ողբերգական իրադարձություններից հետո:
«Եւ այդ մարդկանց վիշտը պղծվել է զարհուրելի ծաղրանկարներով, որոնք տարածել է ձեր պարբերականը»,-գրել է նա:
Բյուրքարը նաեւ տարակուսել է, թե արդյո՞ք ծաղրանկարների հեղինակները հասկանում են զինվորականների կատարած առաքելությունը: Նա կոչ է արել նրանց հարգել զինվորների անձնազոհությունը եւ առաջարկել է այցելել նրանց հրաժեշտ տալու արարողությանը Փարիզի Լեզ Էնվալիդ համալիրում:




























