Սոցիալական ցանցի մի քանի օգտատերեր անդրադարձել էին առեւտրի կենտրոններից մեկի հարակից տարածքում կատարված հանցագործություններին:

Պարզաբանենք, որ նոյեմբերի 29-ին՝ «Սեւ ուրբաթի» շրջանակում, ինչպես եւ նախատեսվում էր, առեւտրի կենտրոններ այցելուների թիվը բազմապատկվել էր, ինչի կապակցությամբ ոստիկանության ծառայողների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն, այդ թվում՝ նաեւ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում եւ հարակից ավտոկայանատեղիներում:

Աննախադեպ մարդաշատ լինելու պատճառով հաճախորդներն իրենց ավտոմեքենաները կայանել են նաեւ առեւտրի կենտրոնից բավական հեռու՝ անտառամերձ եւ չվերահսկվող տարածքներում:

Այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժնում, ում սպասարկման տարածքում է գտնվում նշված առեւտրի կենտրոնը, արձանագրվել է հանցագործության 10 դեպք: Մասնավորապես՝ առեւտրի կենտրոնի տարբեր խանութ-սրահներից գողության 5 դեպք, որից 4-ը բացահայտվել է, 1 կողոպուտի փորձ, որը նույնպես բացահայտվել է:

Արձանագրվել է Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում կայանված ավտոմեքենաներից գողության՝ 3 եւ գույքի դիտավորյալ վնասման 1 դեպք:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ արձանագրված բոլոր հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ: