ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը եւ Նաիրա Մարգարյանը նախարարությունում հանդիպում են ունեցել Համաշխարհային Բանկի (ՀԲ) «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուներ Յերալի Բեկսուլթանի եւ Կարեն Գրիգորյանի, ինչպես նաեւ ծրագրի համակարգող Գեորգի Խաչատրյանի հետ։
Վարոս Սիմոնյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացումները, նախարարությունում ընթացող գործընթացները եւ ներկայիս գերակայությունները:
Կողմերը քննարկել են ՀԲ «Առեւտրի զարգացում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագրում ներառված «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից նախատեսվող՝ «Արտահանողների զարգացման» դրամաշնորհային ենթածրագիրը, որի առնչությամբ փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրել է աշխատանքի ընթացքը, հետագա անելիքները եւ նախարարության առաջարկությունները։
Փոխնախարար Վարոս Սիմոնյանն առաջարկներ է ներկայացրել՝ կապված «Առեւտրի զարգացում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագրի «Որակի ենթակառուցածքների արդիականացման» ենթածրագրի իրագործման հետ։ Երկուստեք կարեւորվել է միջոցառումների ժամանակին իրականացումը եւ արդյունավետության բարձրացումը։



























