ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր` ապրիլի 11-ին կժամանեն Երեւան:

Այցի շրջանակներում Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն կհանդիպեն Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության մամուլի ծառայությունից, սպասվում է նաեւ համանախագահների այցը Ստեփանակերտ: Մամուլի ծառայությունը չի հայտնել այցի մոտավոր ժամկետները:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ապրիլի 13-14-ին համանախագահները կայցելեն Բաքու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները հիմնարար սկզբունքների հիման վրա` հենվելով Սոչիի հանդիպման դրական առաջընթացի վրա:

Ծրագրված է նաեւ քննարկում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն անցկացնելու պարտավորությունների կատարման հարցը:

Մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: