Երեւանցիների մի ստվար զանգված չի վստահում բժիշկների պրոֆեսիոնալիզմին եւ դժգոհ է բժշկական անձնակազմի՝ պացիենտների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  խոստովանեցին իրենք՝ հարցմանը մասնակցած մեր համաքաղաքացիները։

27-ամյա Լարիսան, ով մի քանի ամսից պատրաստվում էր մայրանալ, ասաց, որ բժիշկները խիստ կամայական են վերաբերում հիվանդներին՝ դատելով նրանց հագուկապից եւ արտաքին տեսքից։

«Զգացել եմ, համաձայն հին հայկական սովորության՝բժիշկներն առաջին հերթին ոտքից գլուխ չափում են հիվանդին, հետո նոր որոշակի վերաբերմունք ցուցաբերում նրա նկատմամբ։ Ցավալի է, բայց փաստ, այդ արատավոր սկզբունքը միշտ էլ գործել է։ Բացի այդ, չգիտես՝ինչու բժիշկներն իրենց վեր են դասում պացիենտներից եւ մտածում են, որ կարող են սովորեցնել նրանց։ Երբ պարզվում է, որ հիվանդը բարձր իրավագիտակցություն ունի եւ որոշակիորեն տեղեկացված է ոլորտի օրենսդրությունից, բժիշկները փոխում են իրենց վերաբերմունքը»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ բժիշկների պրոֆեսիանալիզմին ինքը չի վստահում։

Ապագա մայրը նաեւ նշեց, որ իր վերջին կոնսուլտացիայի ժամանակ ստիպված է եղել վճարել բժշկի պահանջած 10 հազար դրամը եւ միայն հետո դրամարկղի աշխատակցից իմացել է, որ իրենից ապօրինի գումար են գանձել։

Հաշվապահ Արմանն էլ նշեց, որ վերջին տարիներին շատ է առնչվում բժիշկների հետ, սակայն մինչ այժմ հանդիպած գրեթե բոլոր մասնագետների պրոֆեսինալիզմի մակարդակը կարող է «զրոյական» որակել։ «Առողջապահության ոլորտից շատ դժգոհ եմ։ Օրինակ, ես բուժվելուց բավական երկար ժամանակ անց իմացա, որ ինձ բուժող բժիշկը թերապեվտ է, այնինչ պետք է օրթոպեդ լիներ։ Նա դրա մասին, իհարկե, չէր ասել։ Վերցնում են, մարդուն գիպս են դնում, հետո ոսկորը ծուռ է կպնում, բայց դե կարեւորն այն է, որ դու ռենտգենի եւ մնացած բոլոր ծառայությունների համար արդեն վճարած ես լինում։ Նույնը երեխայիս մասին կարող եմ ասել, սխալ ախտորոշում էին տվել, ինձ էլ այնպես վիրահատեցին, որ հիմա ճողվածք ունեմ։ Դրա համար էլ գերադասում եմ բուժվել արտասահմանում, մանավանդ որ դրա հնարավորությունն ունեմ»,- նշեց Արմանը։

Բժիշկների պրոֆեսիոնալիզմից, նրանց վերաբերմունքից եւ բուժհաստատություններում  գործող բարձր գներից դժգոհեց նաեւ տնային տնտեսուհի Գայանեն, ով ասաց, որ ավելի շատ հակված է վստահել հին սերնդի բժիշկներին։ «Երիտասարդ կադրերն իսկական աբսուրդ են։ Ախտորոշում են գրում, որը մեկ այլ մասնագետի մոտ ուղղակի զարմանք է առաջ բերում, այնքան որ իրականության հետ կապ չունի։ Ամուսնուս այնպիսի դեղամիջոցներ էին նշանակել, որ հետո պարզվեց՝ նրան ընդհանրապես պետք չէին»։ Կինը նաեւ պատմեց, որ թեպետ իրենցից երբեւիցե կաշառք չեն վերցրել, սակայն եղել են դեպքեր, երբ հենց իրենք են բժիշկներին «լավություն արել»։

Հարցվածներից միայն մի կին գոհունակություն հայտնեց իրեն բուժած բժշկից։ «Նա իմացավ, որ այդ պահին ինձ մոտ մի կոպեկ անգամ չկա, բայց վիրակապեց վնասված ոտքս։ Հետո, իհարկե, մենք նրան վճարեցինք»,- ասաց նա։

Հ.Գ. Ի դեպ, մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկի բժշկուհին ինձ՝ NEWS.am-ի թղթակցիս, վերջին շաբաթներին  նշանակեց դեղորայքի մի չափաբաժին, որը, որքան էլ փնտրեցի դեղատներում եւ ինտերնետում, չգտա, որովհետեւ նման դոզա պարզապես գոյություն չուներ, այդ մասին ինձ ասաց քիչ թե շատ գրագետ մեկ այլ բժիշկ։

Անի Ղազարյան