Մինչեւ այսօր Կառավարությունը հայտարարում էր այն մասին, որ մեր պետական բյուջեում դրամական միջոցների ավելցուկ կա: Հիմա մեր առջեւ հառնել է տրամագծորեն հակառակ պատկերը: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով 4 վարկային համաձայնագրերի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկզբունքային նկատառումներով միշտ դեմ է հանդես եկել արտասահմանյան դոնորներից լրացուցիչ վարկային միջոցների ներգրավմանը: «Այո, մենք կողմ ենք քվեարկել ռուսական 200 մլն դոլար վարկին, որովհետեւ խոսքը զենքի եւ ռազմամթերքի ձեռքբերման մասին էր, խոսքը մեր անվտանգության մասին էր, բայց դա բացառություններից մեկն էր»,- նշեց Մելքումյանը:
Նշենք, որ Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով 4 վարկային համաձայնագիր, որոնք նախատեսում է ստանալ մինչեւ տարեվերջ: Իշխանությունը ցանկանում է այդ գումարով փակել 2019 թվականի բյուջեի պակասուրդը:




























