Ներկայացված օրենսդրական փաթեթն ուղղված է սնանկության համակարգում բարեփոխումների իրականացմանը: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Ըստ օրենսդրական նախաձեռնության՝ կարգավորվում է սնանկության ճանաչման հարցով կառավարիչների ընտրության եւ նրանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման գործընթացը:
Գրիգորյանը նշեց, որ մասնավորապես, փոփոխությունների կենթարկվեն անձին, ընկերությունը կամ կազմակերպությունը սնանկ ճանաչելու ժամկետները: Նրա խոսքով՝ այս օրենսդրական փաթեթը բավական երկար է քննարկվել խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաեւ շահագրգիռ կառույցների ու գերատեսչությունների շրջանակում:





























