Մինսկի մետրոյում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 126 մարդ, որից 22-ը գտնվում են ծանր վիճակում: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է 11 մարդ: Ավելի վաղ նշվում էր 7 զոհի մասին:

Բելառուսի իրավապահ մարմինները որպես պայթյունի հիմնական վարկած քննարկում են ահաբեկչությունը: Տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում նստավայրը մոտ է գտնվում մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանին (այդտեղ է որոտացել պայթյունը) հրահանգել է անհրաժեշտ օգնություն տրամադրել տուժածներին ու զոհվածների հարազատներին: Նա չի բացառել, որ պայթյունը կարող էին կազմակերպել ինչպես դրսի ուժերը, այնպես էլ` ներսի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախնական տվյալներով, Մինսկի մետրոյի պայթյունի հետեւանքով Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: Բելառուսում պայթյունի հետ կապված կհայտարարվի ազգային սուգ: