Ճապոնիայում այսօր` ապրիլի 12-ի առավոտյան Տիբա պրեֆեկտուրայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները զգացել են մայրաքաղաք Տոկիոյում, սակայն ավերածություններ չեն գրանցվել: Տուժածների մասին տեղեկություններ նույնպես չկան:
Երկրաշարժից անմիջապես հետո դադարեցվել է Տոկիոյի մետրոյի աշխատանքը: Երկրաշարժի հետեւանքով դադարեցվել է նաեւ Տիբա պրեֆեկտուրայում Նարիտա միջազգային օդանավակայանի աշխատանքը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 11-ին 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի Հոնսյու կղզու մոտ: Ստորերկրյա ցնցումները զգացել են նաեւ Տոկիոյում: Ճապոնիայում նոր ցնցումները բացատրում են մարտի 11-ին 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի եւ դրան հաջոդրած 10 մետր բարձրություն ունեցող ցունամիի հետցնցումներով:
Վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 13 հազար մարդ, անհայտ կորած է համարվում ավելի քան 14 հազար մարդ: Մարտի 11-ից ի վեր Ճապոնիայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 400 հետցնցում` տարբեր ուժգնության:





























