Հայ ազգային կոնգրեսը ներկայումս մի վիճակում է, երբ հետ կամ առաջ քայլ անելու տեղ չունի. այդ ուժի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռնոց է նետել ՀԱԿ-ից դուրս ընդդիմադիր ուժերին, բայց մի օր կտեսնի, որ ինքը բոլորովին միայնակ է։ Ապրիլի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով, Հայաստանի առաջին նախագահը ներկայումս հայտնվել է մի դիրքում, որը ոչ մի լավ բան չի խոստանում։
«Լեւոն Տեր-Պետրոսյանը մի օր կտեսնի, որ շրջապատված է թշնամիներով, ովքեր պատրաստ են քարերով խփել իրեն, քանի որ ինքն է առաջին հերթին բոլորին խփելու ռազմավարություն մշակել։ Հիմա նա փչացրել է ՀԱԿ-ից դուրս բոլոր ուժերի հետ իր հարաբերությունները, սակայն չմոռանանք, որ հենց ՀԱԿ-ն էր հայտարարում՝ եթե մյուս քաղաքական ուժերը չմիավորվեն, ինքը միայնակ ի զորու չի լինի իշխանափոխություն իրականացնել։ Սա Լեւոն Տեր-Պետրոսյանի որակումն էր, ով ստիպված է լինելու հետ վերադառնալ իր նախկին հայտարարություններին»,- ասել է Ս. Սաֆարյանը:
Նրա խոսքով, «Սերժ Սարգսյանը կարողացավ բավական խորամանկ կերպով լուծել Ռոբերտ Քոչարյանի հարցը, հիմա էլ փորձում է լուծել Տեր-Պետրոսյանի հարցը՝ նրան ներքաշելով որոշակի դաշտ, որտեղից դուրս գալը Հայաստանի առաջին նախագահի համար բավական ցավագին է լինելու»:
«Ժառանգության» ներկայացուցիչն, ընդհանուր առմամբ չափազանց վտանգավոր որակեց ՀԱԿ-ի քաղաքական դաշտում ներկայումս զբաղեցրած դիրքը։ «Սա արդեն ասում եմ որպես քաղաքագետ, այլ ոչ՝ «Ժառանգության» անդամ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀԱԿ-«Ժառանգություն» հակասությունն ի հայտ եկավ, մարտի 17-ի ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտնելով Ազատության հրապարակ, չմոտեցավ հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին:





























